ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թուրքիայի քրդական հեռուստաալիքը. անազնվություն և քրդերի դեմ ատելություն

Թուրքիայի քրդական հեռուստաալիքը. անազնվություն և քրդերի դեմ ատելություն
30.01.2009 | 00:00

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՊՈՌԹԿՈՒՄՆԵ՞Ր
Ինչպես տեղեկացնում է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ (ի դեպ, 2009-ի թիվ 2-ում խնդրին անդրադարձել է նաև «Իրավունքը de facto»-ն), «ըստ չհերքված հաղորդագրությունների, Հայաստանի Հանրապետության Հանրային հեռուստատեսության և ռադիոյի ու թուրքական պետական TRT հեռուստաընկերության ղեկավարները համաձայնության են եկել ու պայմանագիր կնքել թուրքական հեռուստա-ռադիոհաղորդումները հայերեն հեռարձակելու մասին (Турецкое госрадио заговорит по армянски, а армянский телеканал покроет Турцию, REGNUM, 13£01 30.12.2008, В Турции вплотную взялись за армянскую культуру, REGNUM 13:47 05.01.2009): Ընդ որում, հայկական կողմը թուրքերին պետք է օժանդակություն ցուցաբերի` մասնագետներ գործուղելով Անկարա, և առայժմ չբացահայտված այլ միջոցներով։
Այսպիսով` ՀՀ իշխանություններն օժանդակելու են քարոզչական հզոր մեքենա ունեցող թշնամական պետությանը` Թուրքիային, որպեսզի նա Հայաստանի դեմ տարվող իր տեղեկատվական պատերազմն իրականացնի է՛լ ավելի մեծ արդյունավետությամբ։
Հայ-թուրքական բարեկամության այսպիսի պոռթկումների ողջ անհեթեթությունն ու հայկական կողմի համար ծայրահեղ վտանգավորությունն ակնհայտ է, և այդ մասին երկար-բարակ խոսելն ինքնին ավելորդ ենք համարում»։
Հավելենք, որ պարոն Այվազյանը Հայաստանի տեղեկատվական անվտանգության պատասխանատու մարմինների և գործիչների ուշադրությունն է հրավիրում Թուրքիայում նույն TRT հեռուստաընկերության նորաբաց Քրդական հեռուստաալիքի վրա և առաջարկում ընթերցել իր իսկ թարգմանությամբ «Քրդիշ մեդիա», 6 հունվարի 2009 թ. (աղբյուրը` KurdishMedia.com, հեղինակ` Էվրեն Յիլմազ` Evren Yilmaz) հրապարակումը։ Ինչպես փաստում է պարոն Այվազյանը, «այն հուշում և նախազգուշացնում է, թե ինչ են քարոզելու թուրքերը հայերենով։ Թեև որևէ ողջամիտ հայ այդպիսի հուշարարության և նախազգուշացման կարիքը բնավ չունի»։
Ներկա թոհուբոհի մեջ թուրքական պետությունը դեկտեմբերի վերջին սկսեց քրդալեզու նոր հեռուստաալիքի` TRT 6-ի փորձնական եթերն ու նոր տարվա սկզբին պաշտոնապես գործարկեց ալիքը: Թուրքերն ու արտերկրից Թուրքիային հետևողները ողջունեցին այս նոր ալիքի բացումը` այն համարելով շրջադարձային կետ թուրք-քրդական հարաբերություններում և ծանրակշիռ քայլ` Թուրքիայի ժողովրդավարացման ճանապարհին: Սակայն, TRT 6-ին ավելի մոտ հայացք ձգելով` հասկանում ես, որ այն պարզապես բիրտ, ռասիստական վարչախմբի հերթական անազնիվ գործողությունն է, որն իրականացվում է քուրդ ժողովրդի նկատմամբ նույն ատելությամբ, որ դրդել է նրանց նախնիներին` սպանել տասնյակ հազարավոր քրդերի և այրել հազարավոր քրդական գյուղեր:
Իր հիմնադրման օրից Թուրքիան, իր իսկ բնորոշմամբ, պետություն է թուրքերի և միայն թուրքերի համար: Չնայած քրդերը կազմում են ժամանակակից Թուրքիայի բնակչության 20-25 տոկոսը, և, իհարկե, նրանց ճնշող մեծամասնությունը բնակվում է Թուրքիայի այն տարածքներում, որոնք քրդերի նախնիների հայրենիք Քուրդիստանի մաս են կազմում, Թուրքիայի Հանրապետության պաշտոնական քաղաքականությունը` իր հիմնադրման օրից, ամբողջովին կամ մասամբ հերքում է քուրդ ժողովրդի գոյությունը և նրանց էթնիկ ինքնությունը: Ավելին, Թուրքիայի կառավարությունը նույնիսկ Թուրքիայի սահմաններից դուրս է փորձում պայքարել քրդերի ինքնության արտահայտման դեմ` հրաժարվելով ճանաչել Իրաքի քրդերի դաշնային միության գոյությունը և նույնիսկ աշխատելով համոզել (առանց հաջողության) Մեծ Բրիտանիայի Էկզեթերի համալսարանին` դադարեցնելու քրդական ուսումնասիրությունների ծրագիրը:
Շատ հաճախ քրդական ինքնության հիմնական և կարևոր արտահայտչամիջոցը` քրդերենի գործածումը, արգելվել կամ խստորեն սահմանափակվել է: Երբ 1991-ին Սադամի զինակիցների սպանդից փախչող փախստականներին զգուշացնելու համար Թուրքիան հարկադրված էր քրդերենով բրոշյուրներ հրատարակել, այդ լեզուն նշվեց որպես «տեղային բարբառ» և ոչ թե քրդերեն: Անցյալ ամսվա ընթացքում թուրքական խորհրդարանում քրդերենով հնչած հայտարարությունները պաշտոնապես արձանագրվեցին որպես «անծանոթ լեզվով» արված հայտարարություններ: Անցյալ շաբաթների ընթացքում թուրքական դատական համակարգը հետաքննել է քրդամետ «Դեմոկրատական հասարակություն» կուսակցության անդամ մի շարք քաղաքական գործիչների` քրդերենը հրապարակայնորեն գործածելու պատճառով:
Թուրքիայի կողմից քրդերեն լեզվով հեռուստատեսության հիմնադրումը, այսպիսով, չափազանց հետաքրքիր զարգացում է և ոչ անպայմանորեն` դրական: Սա ցույց է տալիս, որ պետությունը հոժարակամ է ճանաչել քրդերենի գոյությունը, ինչը TRT 6-ը հստակորեն բնորոշում է որպես «քրդերեն», միայն երբ այդպես է ձեռնտու: Հարկ է նշել, որ TRT 6-ով «Քուրդիստան» բառի կիրառումը (բառ, որն ավելի հին է, քան Թուրքիայի Հանրապետությունն ինքը) խստորեն արգելված է:
TRT 6-ը խաբեության գործիք է, որ բազմաթիվ նպատակների է ծառայում: Մի կողմից` սա պարզ եղանակ է` արտաքին աշխարհին համոզելու, թե Թուքիան նշանակալի քայլեր է ձեռնարկում քրդական հարցի ուղղությամբ: Մյուս կողմից` այն իշխող «Արդարություն և զարգացում» իսլամիստական կուսակցության ակնհայտ ջանքն է` մարտի 29-ին նախատեսված տեղական ընտրություններում քրդական քվեները ստանալու նպատակով: Եվ, իրոք, անցյալում, տարբեր պատճառներով շատ քրդեր քվեարկել են Թուրքիայում իսլամիստական կուսակցությունների օգտին, ներառյալ` կրոնական զգացմունքները, իսլամիստների` ծառայություններ մատուցելու կարողությունը և Թուրքիայի ներսում իսլամիստների կարգավիճակը` որպես բողոքի քվե թուրքական հանրապետական հաստատության դեմ:
Շատ քրդեր, հիասթափված թուրքական պետությունից և հատկապես «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, որ իշխանության էր եկել` խոստանալով անդրադառնալ քրդական հարցին, այնուհետև մեծացրել քուրդ ժողովրդի նկատմամբ բիրտ ճնշումները, արհամարհում կամ դատապարտում են TRT 6-ը: Շատերը պնդում են, որ TRT 6-ը, պարզապես, «Արդարություն և զարգացում» կուսակցության նախընտրական քարոզչությունն է: Հաշվի առնելով այն, որ, թուրքական օրենքի համաձայն, թուրքերենից բացի, այլ լեզվով հեռարձակումը տեխնիկապես անօրինական է, նրանք կանխատեսում են, որ առաջիկա ընտրություններից անմիջապես հետո TRT 6-ը կփակվի: Ոմանք նշում են, որ TRT 6-ն ընդամենը քրդերի շրջանում քարոզչություն տարածելու միջոց է. Ամեդի (Դիարբեքիր) մի բնակչի խոսքով` «Այդ ալիքը մեզ քրդերենով քարոզում է` «Երջանիկ է նա, ով կասի, թե ինքը թուրք է»: Մեկ ուրիշն ասում է. «Թուրքալեզու ալիքները մեզ ասում են, թե ՔԲԿ-ն ահաբեկչական է, և որ Բարզանին ու Թալաբանին մարդասպաններ են»:
Թեև մարդ ցանկանում է լավատես լինել TRT 6-ի հիմնադրման առիթով, սակայն այս իրադարձությունը չպետք է դիտարկել առանձին` իրականությունից կտրված: TRT 6-ի փորձնական հեռարձակման մեկնարկին զուգընթաց` թուրքական բանակը շարունակեց ռմբակոծել իրաքյան Քուրդիստանը և նողկալի ու անպատշաճ գործողությամբ ռմբակոծեց գերեզմանատունը, որտեղ թաղված են ՔԲԿ-ի տասնյակ զոհված մարտիկներ: Դեռ քանի տարի քուրդ երեխաները պիտի ստիպված լինեն լսել F-16 ռեակտիվ կործանիչների ձայնը, որ դղրդացնում են գետինն ու շրխկացնում պատուհանները, երբ օդ են բարձրանում քրդերին ոչնչացնելու առաքելությամբ: Մարդկանց գլխավերևում շառաչող և մահացու «բեռով» բարձված թուրքական կործանիչները շատ ավելի խոսուն են, քան որևէ պետական և լավ վերահսկվող հեռուստատեսություն` անկախ նրանից, թե որ լեզվով է այն հեռարձակվում:

Դիտվել է՝ 2298

Մեկնաբանություններ